Մոլդովայում կալանավորված՝ իշխող կոալիցիայի առաջնորդներից մեկի, նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի ունեցվածքը կստուգի Անկաշառության ազգային հանձնաժողովը։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Ստրետիլեն։

Անցյալ շաբաթ  Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել էին Ֆիլատին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Նրան կասկածում են կաշառակերության եւ երկրի բանկա-ֆինանսական համակարգից միջոցներ դուրս հանելու մեջ։ Նախկին վարչապետին 30 օրով նախնական կալանքի տակ են վերցրել։

«Հանձնաժողովը պետք է պարզի, թե ճիշտ են արդյոք 2014թ. եկամուտների հայտարարագրում նշված տեղեկությունները։ Հետաքննության ընթացքում Ֆիլատից մեքենաներ են առգրավվել։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ քաղաքական գործիչը դրանք չէր հայտարարագրել»,- ասել է Ստրետիլեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։