Ռուսական իշխանությունները Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում մի քանի ժամ պահել են Չեխիայի պատվիրակությանը, որն ուղեւորվում էր Ուլյանովսկ՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այնտեղ զոհված չեխոսլովակ լեգիոներներին նվիրված հուշարձանի բացմանը մասնակցելու:
Պատվիրակությունը Մոսկվա է ժամանել հինգշաբթի առավոտյան՝ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր Չեխիայի հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից: Մաքսային ստուգումից հետո պատվիրակության անդամներին թույլ չտվեցին ինքնաթիռ նստել եւ գրեթե հինգ ժամ պահեցին Շերեմետեւոյի օդանավակայանում, տեղեկացնում է Ազատություն Ռադիոկայանը:
Չեխիայի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պետեր Գազդիկի խոսքով, «չնայած ուղեւորության մանրամասների վերաբերյալ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ռուսական կողմը պնդել է մաքսային ստուգման անհրաժեշտությունը»: Հետագա ուշացման պատճառը չեն բացատրել պատվիրակության անդամներին: Չեխիայի դեսպանատունը Ռուսաստանի Արտգործնախարարությանը բողոք է ներկայացրել:
Ինչպես Ազատություն ռադիոկայանին հաղորդել է Չեխիայի Արտգործնախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Իրենա Վալենտովան, ռուսական իշխանությունները հետագայում վկայակոչել են ինչ-որ «վարչատեխնիկական թյուրիմացություններ»: Պատվիրակությանը թույլ են տվել շարունակել թռիչքը: Ուշացման պատճառով ստիպված են եղել փոփոխել Ռուսաստան այցի ծրագիրը:
Պատվիրակության ղեկավար Պետր Գազդիկը, որը ТОР09 լիբերալ-պահպանողական կուսակցության ղեկավարության անդամ է, հայտնի է Ուկրաինայի հանդեպ ռուսական քաղաքականության եւ ներկայիս նախագահ Միլոշ Զեմանի ռուսամետ կողմնորոշման իր քննադատությամբ:




























