Վրաստանում նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» գրասենյակների վրա գիշերվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի մարզերում։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Անցյալ հանգստյան օրերին համացանցում հայտնվել էր տեսահոլովակ, որում պատկերված էին 2011թ. ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բանտարկյալների խոշտանգումների եւ բռնաբարությունների դեպքերը։ Այս կապակցությամբ Վրաստանում արդեն 4-րդ օրն է՝ չեն դադարում բողոքի ցույցերը։ Ցուցարարները պահանջում են լուծարել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։

Հոկտեմբերի 22-ի գիշերը վնասվել էին Թբիլիսիում կուսակցության 10 գրասենյակների ճակատամասերը։ Կուսակցության գրասենյակների վրա հարձակումներ էին իրականացվել նաեւ Բաթում, Քութաիսի, Զուգդիդի, Փոթի, Թելավի, Գուրջաանի քաղաքներում։ Իսկ Թբիլիսիում Միխայիլ Սահակաշվիլիի նախագահական գրադարանի ճակատամասին  կարմիր տառերով գրել են «խոշտանգիչի գրադարան», փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Նշենք, որ «բանտային սկանդալից» 3 տարի անց սա այդ կտտանքների տեսանյութերի տարածման առաջին դեպքն է։