Առավել արդարացի կլինի, եթե պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքում գրառում կատարելու փոխարեն մասնակցեր Սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդարանական քննարկումներին: Օսկանյանի՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ֆեյսբուքում գրառումներ կատարելու փոխարեն ավելի արդարացի կլիներ, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը գար Ազգային ժողով, Սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ այդ հարցերն ուղղեր հիմնական զեկուցողին, որն էլ նրան կպատասխաներ, ինչպես պատասխանել է շատ ու շատ պատգամավորներին: Միգուցե եթե լսեր Վարդան Պողոսյանի պատասխանը, այսօր այդ գրառումը չէր անի»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ նախկին արտգործնախարարի Վարդան Օսկանյանի «Եթե»-ներով հարցադրումների ի պատասխան՝ ինքն ընդամենը կհիշեցնի հին սպարտացիների պատասխանը Փիլիպոս Երկրորդին. «Թող ինքը կարդա, «եթե»-ներով հարցերի պատասխանն էր «Եթե»:

Նշենք, որ Վարդան Օսկանյանը չի մասնակցել խորհրդարանում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներին, ինչպես նաեւ քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 22-ին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դեմ արտահայտվելով փոփոխություններին: