Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով արդեն կան ձերբակալվածներ:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ դիմակավորված երկու անձ  հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Սողբաթյանի բնակարան եւ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ սպառնալիքներ տալով, նրա  առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել են զգալի չափերի կանխիկ  գումար եւ բջջային  հեռախոս, որից հետո դիմել են փախուստի:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի երկու բնակիչ։

Կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է երկու սեւ գույնի դիմակ եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիծանի Պիոներական փողոցի տներից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել հոկտեմբերի 20-ին։ NEWS.am–ի տեղեկություններով` զինված ու դիմակավորված անհայտ անձինք գիշերը կոտրել են նշված փողոցում գտնվող տան դուռը, ներխուժել ներս, ապա ծեծի ենթարկել տանտիրոջն ու պահանջել գումար:

Տանտերը նրանց ցույց է տվել գումարի տեղը, որը ստանալուն պես հանցագործները դիմել են փախուստի` բացի գումարից իրենց հետ տանելով տանտիրոջ բջջային հեռախոսը: