Բառացիորեն մեկ ու կես ժամ առաջ մենք այստեղ՝ Իսրայելում հանդիպել ենք Արիկ Մարտոյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Իսրայելի Կնեսետի փոխ-խոսնակ, Հայաստան-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:
Եվ իհարկե, նրա խոսքով, բոլորը շատ երջանիկ են: «Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտակ Զաքարյանն ու ես առնվազն մեկ, նույնիսկ մեկուկես շաբաթ աշխատել ենք: Իսրայելի արտգործնախարար Ցիպի Հոտովելին բանակցություններ է վարել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի հետ: Ես շատ ուրախ եմ, որ երկու կողմը կարողացել են համաձայնության գալ այն մասին, որ զինվորականին ելքի թույլտվություն տրվի», - նշել է Թալի Պլոսկովը: Դժբախտաբար, հավելել է նա, կեղծ տեղեկություն էր հրապարակվել, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:
«Շատ եմ ցավում, որ ինչ-որ մեկը նման բան է անում: Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները եղել եւ կմնան բարեկամական: Ես պարոն Զաքարյանին արդեն հրավիրել եմ դեկտեմբերի կեսերին Իսրայել այցելել: Նա, իր հերթին, ինձ Հայաստան է հրավիրել: Փառք Աստծու, ամեն ինչ լավ վերջացավ», - ընդգծել է Թալի Պլոսկովը: Կնեսետի նախագահի տեղակալը նաեւ հավելել է, որ Իսրայելն ամբողջ աշխարհից ներգաղթյալներ ընդունող երկիր է: «Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ պետք է ստուգել՝ արդյոք փաստաթղթերում ամեն ինչ ճիշտ է ձեւակերպված, որ հետո Արիկին պատահած միջադեպի նման միջադեպ չլինի», - ամփոփել է Թալի Պլոսկովը:
Հիշեցնենք, որ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանի խոսքով, Հայաստանն ընդառաջ է գնացել Իսրայելի խնդրանքին եւ բարի կամք է դրսեւորել՝ Արիկ Մարտոյանին թույլ տալով լքել Հայաստանի տարածքը:
Հոկտեմբերի 22-ին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, իբր Արիկ Մարտոյանին երկրից դուրս բերելու համար հատուկ գործողություն է իրականացվել: Մարտոյանը 6 տարեկանում Իսրայել էր եկել, իսկ 2 ամիս առաջ վերադարձել էր Հայաստան: Մինչդեռ, Իսրայելը դիվանագիտական խողովակներով դիմել էր Հայաստանին՝ իր քաղաքացուն վերադարձնելու խնդրանքով:




























