«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրվող, Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում՝ ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ազգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Նշենք, որ նախքան այս կատարվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Երեխայի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին, որն իրեն մեղավոր չի համարում:
Երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին: Այս գործն արդեն դատարանում է:





























