Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է պոտենցիալ քաղցկեղածին մթերքների ցանկում ընդգրկել բեկոնը, կոտլետները եւ նրբերիկը:

Բրիտանական The Daily Mail-ը գրում է, որ բժիշկները պատրաստ են մսից պատրաստված ուտեստները նույն շարքում դնել քաղցկեղ առաջացնող այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են մկնդեղն ու ասբեստը: Լրատվամիջոցների տվյալներով, թարմ միսը նույնպես հայտնվել է «քաղցկեղածինների հանրագիտարանում», ընդ որում, ԱՀԿ-ն միսն իր «սպանելու հատկությամբ» դնում է պահածոներից մի փոքր ավելի քիչ վտանգավորների շարքում:

Գիտնականները պարզաբանում են, որ այդ մթերքների օգտագործումը կարող է մեծացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում քաղցկեղից մահանում է տարեկան 150 հազար մարդ: Ընդ որում, ԱՀԿ-ն պատրաստ է ավելի առաջ գնալ եւ հայտարարել, որ վերամշակված միսը եւս քաղցկեղ է առաջացնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պարբերականը նշում է, որ ցանկի այդ փոփոխությունները լուրջ հարված կհասցնեն ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ ֆասթֆուդի ոլորտի ձեռնարկություններին: