ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 4-ը, որոնք գտնվում էին Մարտակերտի հոսպիտալում, արդեն դուրս են գրվել եւ ուղարկվել մայրական խնամքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մարտակերտի հոսպիտալից:

«Մեզ մոտ գտնվող հիվանդները թեթեւ վնասվածքներ ունեին, հետեւաբար բոլորն էլ կվերադառնան ծառայության»,- ասացին հոսպիտալից:

Նշենք, որ 16 վիրավորներից 6-ն են բուժում են ստանում Հայաստանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Դեռեւս հայտնի չէ՝ նրանք կվերադառնան ծառայության, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: