Եթե Ղարաբաղյան հարցը դիտարկենք միջազգային հարթությունում, ապա լայնածավալ պատերազմի վտանգն այնքան էլ իրական չէ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության շփման գծում ադրբեջանական կողմի վերջին ակտիվ սադրանքներն ինչ նպատակ են հետապնդում:

Նրա խոսքով, տարածաշրջանի խոշոր տերությունները, այն է՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան՝ որոշ վերապահումներով իհարկե, բայց նույնիսկ Թուրքիան (քանի որ ինքն էլ խնդիրներ ունի) հետաքրքրված չեն, որ այս տարածաշրջանում, որը բավականին անկայուն է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի դեպքերով պայմանավորված, լայնածավալ պատերազմի նոր աղբյուր ստեղծվի:

«Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան եւ ԵՄ-ն դա չեն պաշտպանի եւ ունեն ճնշման իրական լծակներ   ռազմական գործողությունները կանխելու համար: Չնայած դրան, վերջերս մենք բարձրագոչ հայտարարություններ ենք լսում Ադրբեջանի ղեկավարության կողմից. կարծում եմ՝ դա ներքին սպառման համար է արվում: Իհարկե բոլորը գիտեն, որ Ալիեւի իշխանությունը չափազանց կոռումպացված է», - ընդգծել է Միհրանյանը: 

Նրա խոսքով, Ադրբեջանում փաստացի միապետություն է հաստատված, ժողովրդավարության ոչ մի հետք չկա: «Ստեղծված իրավիճակում իշխանությունը պահելու համար Ադրբեջանում իհարկե անհրաժեշտ է խաղալ ազգային լարերի հետ, ռեւանշից խոսել եւ ժամանակ առ ժամանակ ոչ միայն խոսել, այլեւ փորձել ցույց տալ, որ իրենք պատրաստ են այդ հարցը լուծել եթե ոչ բանակցությունների, ապա ռազմական ուժի միջոցով», - իր խոսքն ամփոփել է Անդրանիկ Միհրանյանը: