Շատ կարեւոր է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բաց մնա մյուս երկրների համար։ Այս մասին հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի ժամանակ, ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի եւ Միջին Ասիայի հարցերով տնօրեն Նատալյա Խանժենկովան՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներն ու 21-րդ դարի տնտեսական դիվանագիտությունը. Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը» թեմայով նստաշրջանի ժամանակ։
Նրա խոսքով՝ մյուս տարածաշրջանային միությունների նման, որոնց նպատակը կապիտալի, ծառայությունների, մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորությունն է, ԵՏՄ-ն նույնպես կարող է նպաստել անդամ երկրների միջեւ առեւտրի զարգացմանը հատկապես հիմա, երբ համաշխարհային առեւտուրը ամենալավ ժամանակները չի ապրում։
«Հենց տարածաշրջանային միությունները կարող են դառնալ առեւտրի խթանման խորհրդանիշը։ Ի՞նչ առավելություններ է տալիս մեզ ԵՏՄ–ն։ Առաջին հերթին՝ ոչ սակագնային արգելքների հանում եւ ենթակառուցվածքների ակտիվացում։ Երկրորդ հերթին՝ առավելություն է նաեւ արտադրողների համար շուկայի ընդլայնումը։ Դա հատկապես կարեւոր է նորարարական արտադրության համար»,- նշել է Խանժենկովան։ Նրա կարծիքով առանցքային է ներդրումներ գրավելու հարցը։ «Երրորդ հերթին՝ ԵՏՄ-ն կարող է նպաստել արտադրության նոր շղթաների ստեղծմանը։ Խորը ինտեգրացիան կնպաստի անդամ երկրների տնտեսական ինստիտուտների կատարելագործմանը»,- հավելել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ՝ Թուրքիայի եւ Միջին Ասիայի հարցերով տնօրենը։





























