Ռուսաստանը Սիրիայում կռվում է ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու համար։ Այս մասին հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի ժամանակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը։
«Սիրիայում ահաբեկիչներ են գործում, որոնք իրենց առջեւ խնդիր են դրել իրենց ազդեցությունը տարածել ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Նրանք արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ իրենց համար մարդկային կյանքը ոչինչ չարժե։ Այնպես որ Ռուսաստանը Սիրիայում կռվում է ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու համար։ Իմ կարծիքով բազմաբեւեռ աշխարհը կարող է ձեւավորվել միայն դիվանագիտական ճանապարհով»,- մասնավորապես ասել է Տորկունովը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ համաձայնության գալ չի կարելի, խաղաղություն ապահովելու համար կա միայն մեկ միջոց՝ ոչնչացնել նրանց։
«Ռուսաստանը գնում է այդ ճանապարհով։ Ռուսաստանին հրավիրել են Սիրիա նման գործողություններ իրականացնելու համար, եւ նա գործում է ՄԱԿ նորմերի համաձայն։ Ես հույս ունեմ, որ համատեղ ջանքերը դրական արդյունք կտան միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- եզրափակեց ՄԳԻՄՕ-ի ռեկտորը։





























