«Ռուսաստանը միջազգային թատերաբեմում Չինաստանի ամենասերտ գործընկերն է: Իսկ Հայաստանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ եւ բազմակողմ սերտ համագործակցության նկատելի հնարավորություններ ունի:  Այդ մասին հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում ասել է Պեկինի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Հուան Հույհայը՝ ելույթ ունենալով  «Չինաստանի տնտեսությունը փոխհարաբերությունների միջազգային համակարգում. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին» վերնագրով նիստի ընթացքում:

Նա հիշեցրել է, որ անցյալում Չինաստանը հիմնականում հանդես էր գալիս որպես արտասահմանյան ներդրումներ ստացող երկիր: «Այսօրվա դրությամբ Չինաստանը ներդրումների օբյեկտի դերից անցել է սուբյեկտի դերին: Չինաստանի բաց քաղաքականության արդյունքները տնտեսական գլոբալիզացիայի  դրական հետեւանքներն են», - ընդգծել է Հույհայը: Ռուսաստանը, շարունակել է նա, Չինաստանի արտաքին քաղաքական կապերում կարեւոր տեղ է զբաղեցրել եւ շարունակում է զբաղեցնել:  «Ռուսաստանը Չինաստանի ամենասերտ գործընկերն է միջազգային թատերաբեմում: Մենք ավելի լայնածավալ համագործակցության ներուժ ունենք», - հավելել է Պեկինի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի տեղակալը: