Ամերիկացի օրենսդիրների՝ Ադրբեջան կատարած այցելություններից հետո մամուլում մանրամասներ են հայտնվել կոնգրեսականների՝ Թուրքիա կատարած այցելությունների մասին։ Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի 113-րդ գումարման օրենսդիրներն ու աշխատակիցները 159 այց են կատարել Թուրքիա, որոնց համար վճարել են մասնավոր կազմակերպությունները։ Սակայն վերջին հաշվետվությունները ենթադրում են, որ եղել են գաղտնի աղբյուրներ, որոնք վճարել են 5-աստղանի հյուրանոցների եւ շքեղ ռեստորանների համար, հայտնում է blogs.rollcall.com-ը։
Այցելությունների համար վճարել են տարբեր կազմակերպություններ, որոնք խոստովանել են, որ իրենք այցելությունների կազմակերպման եւ ֆինանսավորման համար օգտագործել են Բոսֆորի բարեկամության եւ համագործակցության Ատլանտյան մշակութային միությունը (Bosphorus Atlantic Cultural Association of Friendship and Cooperation)։ Սակայն միության ներգրավված լինելու փաստը Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթերից որեւէ մեկում չի բացահայտվել։
Թեպետ լոբբիստներն ու լոբբիստական կազմակերպություններին չի թույլատրվում վճարել այցելությունների համար, դրանք կարող են վճարվել ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից, որոնք չպետք է բացահայտեն իրենց աղբյուրները։ Սակայն Ադրբեջանի դեպքը, ըստ մասնագետների, «ճանապարհային քարտեզ» է դարձել օրենքի սահմանափակումները շրջանցելու համար։ Փորձագետները կարծում են, որ Կոնգրեսը պետք է ուշադիր հետեւի, թե ինչպես են ոչ առեւտրային կազմակերպությունների հովանավորները պատրաստվում վճարել արտասահմանյան այցերի համար։




























