ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նոյեմբերի 13-ին որոշում կկայացնի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբանի՝ Վարչական դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ բողոքը վերաբերում է Վարչական դատարանի այն որոշմանը, որով նա Կիվիրյանին պարտավորեցրել էր 50 հազար դրամի տուգանք վճարել 2013թ. Երևանի քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու փորձի համար:

Փաստաբանը նշեց, որ դատարանին են ներկայացրել դեպքի վերաբերյալ տեսանյութ, որտեղ երեւում է, որ Արգիշտի Կիվրյանին իրականում ոստիկանություն ավելի վաղ են տարել, քան պաշտոնապես ներկայացվում է, եւ երեք ժամից ավելի են պահել: Փաստաբանը նշեց նաեւ, որ իրենք դատարանում հիմնավորել են, մեջբերել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը, որ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում եւ ոստիկաններն իրավունք չունեի դրա համար բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել տրանսպորտի թանկացման դեմ քաղաքապետարանի առջեւ նստացույցի ժամանակ, երբ Կիվիրյանը փորձել էր վրան տեղադրել նստացույցի մասնակիցների համար։