Երեւանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 24-ին բացված «Երեւան շոու-2015» ոսկերչական 5-րդ միջազգային եռօրյա ցուցահանդեսի հյուրերի թիվն այս տարի ավելացել է: Այս մասին լրագրողներին ասաց հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը (ֆոտոռեպորտաժ):
«Այս ցուցահանդեսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Այն մի վայր է, որտեղ մենք ցույց ենք տալիս մեր արտադրությունը եւ կանչում ենք գնորդներին: Սա ժամադրության վայր է, որտեղ մարդիկ հանդիպում են, իրար հետ սկսում են բիզնես անել: Հյուրեր ու մասնակիցներ ունենք ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թայլանդից, Թուրքիայից, Ղրղզստանից, Կանադայից, Իտալիայից ու այլ երկրներից: Արդեն մեկ օդանավ գնորդներ ենք բերել հիմնականում Ռուսաստանից, որպեսզի մարդիկ ապրանք գնեն ոչ թե Թուրքիայից, Թայլանդից, Չինաստանից, այլ հենց Հայաստանից»,- ասաց Գագիկ Գեւորգյանը՝ նշելով, որ ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Ռուսաստանի էկոնոգրաֆիայի պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը:
Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի բրենդներ, մասնակիցներ եւ հաղթողներ այնպիսի համաշխարհային ցուցահանդեսներից, ինչպիսիք են JCK, Bazalworld, VLCENZAORO, Junwex եւ այլն: Ցուցահանդեսին մասնակից ընկերությունների թիվը, այնուամենայնիվ, պակասել է նախորդ տարվա համեմատ:
«Որոշակի դժվարություններ են եղել: Մոտավորապես 80 ընկերություն է մասնակցում, բայց անցած տարի 100-ից ավելի ընկերություններ կային: Բայց քանի որ Հայաստանում հաջորդ տարի պետք է լինի համաշխարհային ոսկերիչների կոնգրեսի ժողովը, որն աշխարհի ամենամեծ կոնգրեսն է բաղկացած 40 ասոցիացիաներից, մեր երկիրը կդառնա աշխարհի ոսկերչական ինդուստրիայի կենտրոնը»,- նշեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահը:
Գագիկ Գեւորգյանը նշեց, որ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնը հնարավորություն է տալիս Հայաստան հրավիրել աշխարհի ամենամեծ ընկերություններին, կենտրոնը կարող է տեղավորել 400-500 ընկերությունների: Կենտրոնն ազատ տնտեսական գոտի է եւ կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ:
«Այս տարածքում բիզնես բացող գործարարն ազատվում է հարկերից. վճարում է միայն աշխատավարձ եւ աշխատավարձի հարկ: Մեր նպատակը Հայաստանը արտադրող երկիր դարձնելն է: Մեր առջեւ հստակ խնդիր է դրված Հայաստանում արտադրություն ստեղծել, որովհետեւ ամեն երկիր հարուստ է իր արտադրությամբ եւ ֆաբրիկաներով»,- ասաց Գագիկ Գեւորգյանը:
Նշենք, որ Հայաստանը միակ երկիրն է ամբողջ աշխարհում, որտեղ պետական մակարդակով նշվում է Ոսկերիչի ազգային օրը (հոկեմբերի վերջին կիրակին):





























