Եվս մի շինություն, որում Շվեդիայի իշխանությունները նախատեսում էին տեղավորել երկիր եկող փախստականներին, այրվել է անցած գիշեր, տեղեկացրել է SVT հեռուստաալիքը: Ոստիկանությունը դիտավորյալ հրդեհում է կասկածում: Սա հոկտեմբերի սկզբից ի վեր արդեն յոթերորդ նման դեպքն է:
Այս անգամ այրվել է Շվեդիայի հարավ-արեւելյան Էսքիլսթուն քաղաքից ոչ հեռու գտնվող Էռլա բնակավայրը: Իշխանությունները նախատեսում էին այնտեղ փախստականների տեղավորել: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Անցած գիշեր այրվել է նաեւ Շվեդիայի արեւմուտքում գտնվող Մունկեդալ բնակավայրի փախստականների ընդունման կետը: Սա կենտրոնի հրդեհման երկրորդ դեպքն էր. ավելի վաղ՝ երեքշաբթի կրակը ոչնչացրել էր շինության կողաշենքը: Ոստիկանությունը հետաքննում է այդ միջադեպերի միջեւ հնարավոր կապը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի գիշերն այրվել է Շվեդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կունգսբակա համայնքի նախկին դպրոցի շենքը, որում նախատեսված էր փախստականների ընդունել: Դրանից օրեր առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Յունգբյու համայնքի նախկին դպրոցի շենքում, որտեղ եւս փախստականների ընդունման կետ պիտի բացվեր: Ավելի վաղ մի բարաք էր այրվել Առլյովայում (Սկոնե հարավային նահանգ), որում տեղի իշխանությունները առանց ծնողների Շվեդիա եկող անչափահաս ներգաղթյալների տեղավորման կենտրոն էին կազմակերպել:
Այս հրդեհումների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին որոշ քաղաքապետարաններ հայտարարել են, որ հանրությանն այլեւս չեն տեղեկացնի, թե որտեղ են գտնվում փախստականների ընդունման կետերը:
Միգրացիայի վարչության՝ հինգշաբթի օրը հրապարակած կանխատեսման համաձայն, 9,8 միլիոնանոց Շվեդիան 2015-2016-ին կարող է մինչեւ 360 հազար միգրանտ ընդունել: Դա ԵՄ-ի տարածքում մեկ շնչին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է:





























