Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում նախօրեին կայացել է կայացել է նախկինում ականապատ, իսկ այժմ`33 հազար քմ անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին:

Արարողության սկզբին The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը եւ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրեցին կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման եւ ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված եւ վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:   Բրիֆինգից հետո  «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի որակի վերահսկողության տեսուչները Սրաշենի համայնքապետի եւ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ միասին ստուգեցին ականազերծված եւ հանձնման ենթակա տարածքների գագաթակետերի GPS կոորդինատների համապատասխանությունը կազմված քարտեզներին, պատահական ընտրությամբ իրականացրեցին հողանմուշների կրկնակի ստուգազննում: Արդյունքում փաստվեց, որ Սրաշեն համայնքի 33 հազար քմ ընդհանուր տարածքով «Սրաշեն-5» եւ «Սրաշեն-6» նախկին ականադաշտերն ականազերծված են, մաքրված են չպայթած զինամթերքից եւ այսուհետ կարող են անվտանգ օգտագործվել ի բարրօրություն համայնքի ազգաբնակչության:

Արարողության ավարտին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը մարզի բնակչության, ղեկավարության եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունից երախտիքի ջերմ խոսքեր հայտնեց  Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիլին` ըստ արժանվույն գնահատելով  ԱՄՆ Պետդեպարտամենտի Զենքերի Վերացման եւ Չեզոքացման բաժնի (PM/WRA) դոնորական աջակցությունը: Այնուհետ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի խնդրանքով, պարոն Ջոն Ֆրիլը հանդիսավոր կերպով Սրաշենի համայնքապետին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգությունն ու ապահովությունը փաստող հավաստագրերը:

Իհարկե, ձեռնունայն չէին Սրաշենի բնակիչները, որոնք չանսալով հյուրերի մեկնելու խնդրանքներին, բոլոր ներկաներին հրավիրեցին ավանդական գինեթասի` համտեսելու Սյունյաց աշխարհի անկրկնելի բարիքները: