Հայաստանը կարող է հետաքրքիր դեր խաղալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրման պարագայում: Հայաստանն այստեղ կարող է երկխոսության նոր ոլորտներ գտնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վազիլ Գուդակը անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարներին եւ Հայաստան-ԵՄ իրավական նոր փաստաթղթի ապագային :

Պարո՛ն նախարար, ինչպիսի՞ հեռանկարներ եք Դուք տեսնում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Տնտեսության ո՞ր ոլորտներում զարգացման ներուժ կա:

Ցավոք պետք է ասեմ, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում երկու կողմերի հնարավորություններին: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ավանդական հարաբերություններն ուղղակի քանդվեցին: Կան տնտեսության որոշակի սեկտորներ, որտեղ մենք կարող ենք սերտորեն համագործակցել: Դա էներգետիկայի սեկտորն է, օրինակ, որտեղ մենք լավ գործարաններ ունենք, որոնք ավանդաբար աշխատում էին Խորհրդային Միության տարածաշրջանում: Դա կարող է լինել երկաթուղիների ենթակառուցվածքների բնագավառը. մեզ մոտ է գտնվում երկաթուղային վագոնների արտադրության Եվրոպայում ամենամեծ գործարանը, որն իր արտադրանքի մեծ մասը մատակարարում է Ռուսական երկաթուղիներին:

Սլովակիայում մեծ նշանակություն են տալիս նորարարական տնտեսության զարգացմանը: Հայաստանում նույնպես կա երիտասարդների շատ ուժեղ խումբ, այսպես կոչված start-up: Հայերը հայտնի են իրենց աշխատասիրությամբ եւ նոր տեխնոլոգիաներում ու գյուտարարություններում իրենց հաջողություններով: Ներկայումս մենք Սլովակիայում հենց ազգային ինովացիոն ոլորտն ենք զարգացնում: Սլովակիան բնակչության մեկ շնչին բաժին հասնող ավտոմեքենաների քանակով ամենամեծ ավտոարտադրողն է աշխարհում: Մենք ունենք 5.5 մլն ազգաբնակչություն, եւ արտադրում ենք 1 մլն մեքենա: Կարելի է ասել, որ Սլովակիան  ավտոարտադրող հզոր երկիր է: Այնպես որ ես կարծում եմ, որ հնարավորությունները շատ են, պետք է միայն ավելի շատ աշխատել եւ առաջին  հերթին լավ հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սլովակիայի ձեռներեցների միջեւ:

Հոկտեմբերի 12-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում մանդատ ներկայացրեցին Հայաստանի հետ նոր իրավական փաստաթուղթ ստորագրելու համար: Ձեր կարծիքով տնտեսության ո՞ր ոլորտները կարող է ներառել այդ համաձայնագիրը՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստը:

Կարծում եմ, որ պետք է զարգացնել ազատ առեւտրի բազմակողմանի գոտիները: Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտուն միանալու կապակցությամբ մի շարք հարցեր են առաջանում, քանի որ որ Հայաստանը հանդիսանում է նաեւ ԵՏՄ անդամ: Բայց մենք Սլովակիայի կողմից կողմ ենք պրագմատիկ մոտեցմանը. Հայաստանը չպետք է հայտնվի այնպիսի իրադրության մեջ, որտեղ պետք է ընտրություն կատարի՝ կամ Եվրոպան, կամ եվրասիական տարածքը:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը կամուրջ դառնալ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

Հայաստանն իրոք այդ առումով հետաքրքիր դիրքորոշում ունի: Նա լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից լավ հարաբերություններ է պահպանում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Իհարկե Արեւտմյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը մեծ նշանակություն ունի, այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է հետաքրքիր դեր խաղալ առաջին հերթին Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լարման պարագայում: Հայաստանն այստեղ կարող է երկխոսության համար նոր ոլորտներ գտնել:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը