Չիկագո-Ամստերդամ չվերթի ուղեւորները կարող էին ահաբեկչության զոհ դառնալ: Բանն այն է, որ ուղեւորներից մեկի ուղեբեռում հայտնաբերել են 3 բջջային հեռախոս եւ ժամացույց, որոնք փակցված են եղել պլաստիկե շշին: Բացի այդ ալ-Սուֆիի պայուսակում գտել են 7 հազար դոլար: Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ պայթուցիկ չեն հայտնաբերել:

Ամերիկյան ուժային կառույցներից մեկի բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, որ «անկասկած սա ահաբեկչության նախապատրաստությանն ուղղված գործողություն էր», հաղորդում է Vesti.kz-ն:

Հոլանդական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալությունները կատարվել են ամերիկյան հատուկ ծառայությունների պահանջով: ԱՄՆ քաղաքացի Ահմեդ Մեհամեդ Նասեր ալ-Սուֆին եւ Եմենի քաղաքացի Հեզամ ալ-Մուրիսին փորձել են ուղեբեռով ռումբի մակետ տեղափոխել:

Հոլանդական դատախազության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Չիկագոյի օդանավակայանի անվտանգության ծառայությունը նշված երկու անձանց գրանցելու ժամանակ կասկածելի ինչ-որ բան է նկատել, բայց, այնուամենայնիվ, թույլ է տվել թռչել Ամստերդամ: Բայց երբ հայտնի է դարձել, որ նրանց ուղեբեռի վերջնակետը Դուբայն է, ամերիկյան կողմը տեղեկացրել է հոլանդական ոստիկանությանը: