«Իրականացրո՛ւ երազանք, եղի՛ր Ձմեռ պապ» նախաձեռնության անդամները սոցիալապես երեք անապահով ընտանիքներին օգնելու համար դրամահավաք անցկացնելու յուրօրինակ մեթոդ են գտել: Նրանք Երևանի «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանին կից այգում այսօր` հոկտեմբերի 24-ի երեկոյան, տեղադրել էին երկու աստղադիտակ` քաղաքացիներին առաջարկելով անվճար օգտվել դրանցից։

«Փորձեցինք դուրս գալ ստանդարտ դրամահավաքների ֆորմատից ու տեղադրեցինք աստղադիտակներ, որոնցով քաղաքացիները կարող են անվճար նայել լուսնին ու նաստղերին, իսկ եթե ցանկանան, կարող են գումարով, պարենով կամ խաղալիքներով օգնել երեք անապահով ընտանիքներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության համահեղինակ Էդգար Խաչատրյանը:

Էդգարի խոսքով երեք ընտանիքներն էլ ապրում են վատ պայմաններում: Նրանցից մեկը Հայաստան է տեղափոխվել Մոնղոլիայից: Ազգությամբ հայ ընտանիքի հայրը մահացել է, մայրը մոնղոլուհի է: Ամուսնու մահից հետո որոշել է երեխաներին Հայաստանում մեծացնել ու այժմ ստիպված է միայնակ հոգալ երեք անչափահաս երեխաների հոգսերը:

Ակցիան տևելու է մինչև հոկտեմբերի 26-ը: Աստղադիտակները դրվելու են երեկոյան ժամը 7-ին և հանվելու` 23։00-ին:

Կազմակերպիչները պլանավորում են նմանատիպ ակցիաներ անցկացնել 3-4 ամիսը մեկ: