Ամերիկյան Օքլահոմա նահանգում ավտոմեքենան մխրճվել է հանդիսականի ամբոխի մեջ շքերթի ժամանակ, որը կազմակերպել էր նահանգի համալսարանը: News9 ռեգիոնալ կայքը հայտնում է, որ երեք մարդ է զոհվել, եւս 27-ը տուժել, ընդ որում երկուսին հիվանդանոց են տեղափոխել օրհասական վիճակում:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սթիլուօթեր քաղաքում՝ շքերթի ժամանակ: Անհայտ մեկը, մեքենան բարձր արագությամբ վարելով՝ փլել է պատնեշը, մխրճվել ամբոխի մեջ, որից հետո մի քանի մետր անցնելով հարվածել է ոստինական մոտոցիկլետին ու բախվել լապտերի սյանը, հայտնում է NEWSru-ն:
Հաղորդագրությունը տեղադրելու պահին վարորդի անձի կամ վիճակի մասին տվյալներ չկային: Հայտնի էր միայն, որ ավտոմեքենան շքերթին չէր մասնակցում:
Պատահարի վայրում աշխատում են ոստիկանության ու բժշկական ծառայությունների աշխատակիցները: News9-ի տեղեկություններով՝ արտակարգ պատահարի վայրից վիրավորներին տարհանել են միանգամից ութ բժշկական ուղղաթիռներ:
Օքլահոմայի համալսարանի կազմակերպած շքերթները ԱՄՆ -ում նմանատիպ ամենախոշոր միջոցառումներից են համարվում եւ բազմաթիվ զբոսաշրջիկների են գրավում, իսկ դրանց հանդիսականի թիվը կարող է տասնյակ հազարների հասնել:

































