Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ՀՀԿ-ն մարզային հանդիպումներ է անցկացնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «այո»-ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Դժվար է ասել, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի: Ըստ տարածքների մենք կկողմնորոշվենք»,- ասաց նա:

Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո, կհաջողվի»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ ՀՀԿ-ն արդեն կազմավորել է իր շտաբը, որի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նշանակվել են նաեւ նրա 6 տեղակալները: Նրանք են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը: