Երեկ՝ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացել է ադրբեջանական Եվրոպական շարժման ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու Ռամին Հաջիլին:
Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է նրա կինը՝ Այսել Ալիզադեն: Նրա խոսքով, ինքը չգիտի, թե ուր է կորել իր ամուսինը: «Ես ոստիկանությանը տեղեկացրել եմ նրա անհետացման մասին, որոնումներ են կատարվում»,- ասել է նա:
Ինքը՝ Այսելը, պատգամավորության թեկնածու է թիվ 8 Բինագադինյան առաջին ընտրական շրջանում: Իմիջիայլոց, Ռամին Հաջիլին Այսել Ալիզադեի վստահված անձն է:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին մոտավորապես ժամը 18-ին Ռամին Հաջիլին Facebook-ի իր էջում Ադրբեջանի նախագահին ուղղված հայտարարություն էր տարածել: Դրանում ասված էր, որ անհրաժեշտ է երիտասարդության ներուժն օգտագործել երկրում կոռուպցիան եւ կաշառակերությունը կասեցնելու համար: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ տեղի իշխանությունների ներուժն օգտագործվում է իշխող կուսակցության թեկնածուների օգտին: Ռամին Հաջիլին Ադրբեջանի նախագահին խնդրել է օգնել կասեցնելու այդ ամենը: Այդ հայտարարության տարածումից մեկ ժամ անց Ռամին Հաջիլին անհետացել է:
Օրինապահ մարմիններից ոչ մի տեղեկություն ստանալ չի հաջողվել:





























