Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ է արել 4 ամսով  հետաձգել խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընթացքում դրանց համար ժողովրդավար պայմաններ ստեղծել։ Այս մասին հայտնում է contact.az-ը։

Պահանջի մեջ նշվում է, որ հակառակ դեպքում «Մուսավաթը» չի մասնակցի ընտրություններին։ Վերջնական որոշումը կուսակցությունը պետք է կայացնի հոկտեմբերի 28-ին։

«Մուսավաթի» ղեկավար Արիֆ Հաջիլին նախընտրական հանրահավաքի ժամանակ ընդգծել է, որ իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները։

Նրա խոսքով, վախենալով արդար մրցակցությունից, իշխանությունները որոշել են անգամ եթերաժամանակ չտրամադրել ընտրարշավի համար։ Դա Ադրբեջանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ առաջին դեպքն է։

Հաջիլին նշել է, որ իշխանությունն արդեն ինքն էլ է հասկանում, որ սպառել է իրեն։ Նա ընդգծել է, որ եկող տարվա բյուջեն մեկ քառորդով կրճատվել է եւ նավթի եկամուտների պակասի հետ միասին պաշտոնյաների ոչ պաշտոնական «ծրարներով» աշխատավարձերը պակասել են։