Ամերիկյան Ֆլորիդա նահանգում գորշ արջերի պոպուլյացիայի վերահսկման ծրագրի շրջանակում հոկտեմբերի  24-ին եւ 25-ին 320 առանձնյակ է գնդակահարվել, տեղեկացնում է BBC News-ը:

Կենդանիների գնդակահարությանը մասնակցելու ցանկություն ունեցող որսորդներին ընդամենը չորս հազար թույլտվություն է տրվել: Նրանց թվում է եղել նաեւ 16-ամյա մի պատանի, որն ասել է, թե իրականացրել է իր երազանքը՝  80 կիլոգրամ կշռող արջ սպանելով:

Նահանգի իշխանությունների տվյալներով, Ֆլորիդայում 40 տարվա ընթացքում արջերի քանակն աճել է՝ մի քանի հարյուրից հասնելով  3,5 հազարի: «Կենսաբանական հեռանկարի տեսանկյունից այդ թվերը չպիտի անհանգստացնեն, մեր նահանգում արջերի մեծ պոպուլյացիա կա», - ասել է Ֆլորիդայի ձկնորսության եւ որսորդության հարցերով հանձնաժողովի նախագահը:   Նա վստահություն է հայտնել, որ վայրի կենդանիների մեծացած թիվը վտանգավոր է մարդկանց համար, տեղեկացնում է Lenta-ն:

Գնդակահարության հակառակորդներն ասել են, որ իշխանությունները ճիշտ կանեին, եթե զբաղվեին աղբի տարածման խնդրով, որի պատճառով արջերը հայտնվում են բնակելի վայրերի մոտակայքում: Որպես կանոն, արջերը աղբանոցներում հեշտությամբ ուտելի մնացորդներ են ճարում: 

Պարբերականը ճշտում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Ֆլորիդայի առնվազն չորս բնակիչ է վիրավորվել  արջերի հարձակումների հետեւանքով:  Ավելի վաղ՝ հոկտեմբերին արջը Իսթփոյնթից ոչ հեռու հարձակվել էր տղամարդու վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ հասցնելով: