«Հայկական ժամանակ»-ն իր խմբագրականում անդրադարձել է Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքին: Այն, ըստ պարբերականի խմբագրի, «շատ հանդուրժող ստացվեց»: «Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Եթե Մոսկվան գերիշխանություն հաստատի Հարավային Կովկասի նկատմամբ, դա կնշանակի էներգետիկ հերթական այլընտրանքի կորուստ Եվրոպայի համար եւ ուրեմն Ռուսաստանի ազդեցության ու կշռի մեծացում՝ սրանից բխող ստրատեգիական հետեւանքներով:

Ռուսական ծավալապաշտությունից պաշտպանվելու՝ արեւելաեվրոպական երկրների կարեւորագույն միջոցը էներգետիկ այլընտրանքների ձեւավորումն է եւ ռուսական գազատարներից կախվածության թուլացումը: Այս ստրատեգիական նպատակի իրագործման հիմնական երաշխավորը ԱՄՆ-ն է, եւ Հարավային Կոնկասի կորուստը որպես տրանսպորտային, էներգետիկ ու մասնավորապես գազային այլընտրանք՝ ԱՄՆ-ին կթուլացնի նաեւ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում՝ առաջինին զրկելով գազ ստանալու, երկրորդին՝ արտահանելու այլընտրանքային կարեւորագույն միջանցքից»,-գրում է թերթը: