Դեվիսում Քալիֆորնիական համալսարանի անասնաբույժները կապ են հայտնաբերել կատուների գունավորման եւ մարդկանց հանդեպ նրանց վերաբերմունքի միջեւ:  Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Applied Animal Welfare Science ամսագրում, դրան հնարավոր է համառոտակի ծանոթանալ Independent պարբերականի կայքում:

Համացանցային հարցման ընթացքում գիտնականները կատու ունեցող 1274 մասնակցի միջոցով ստուգել են այն տարածված տեսակետը, թե եռագույն  կատուների մեջ առավելագույնս են արտահայտված  մարդկանց հանդեպ հակասոցիալական պահվածքի նշանները: 

Հետազոտողներին հետաքրքրել է տերերի եւ անասնաբույժների հետ առօրյա շփումներում կատուների ագրեսիվ գործողությունների արտահայտվածության աստիճանը: Յուրաքանչյուր մասնակցի պատասխանը ենթադրում էր կենդանու ագրեսիվության գնահատական դրա համար հատուկ մշակված սանդղակով, տեղեկացնում է  Lenta-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եռագույն կատուներից  (էգերից) բացի, նաեւ սեւ-սպիտակ եւ մոխրասպիտակ կատուներն են մարդկանց նկատմամբ ագրեսիվության բարձր աստիճան դրսեւորում:  Ամենաընկերականը, պարզվել է, միագույն մորթ ունեցող կատուներն են՝ սեւ, մոխրագույն, սպիտակ, ինչպես նաեւ բծավորները: