Ադրբեջանում շարունակվում է Ազգային անվտանգության նախարարության եւ նրա նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի հետ կապված սկանդալը:

Ինչպես գրում է minval.az-ը, հաստատվել է այն փաստը, որ Էլդար Մահմուդովին նախարարի պաշտոնից ազատելուց հետո ԱԱՆ-ում տեղի ունեցող աղմկահարույց ձերբակալություններն իրականացվում են ոչ միայն գործարարների հանդեպ ոչ իրավաչափ գործողությունների համար, այլեւ հիմնականում հեռախոսազրույցների գաղտնալսման: Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունում, որը ԱԱՆ-ի  «ականջներն» էր, եւս ձերբակալություններ են սկսվել:  Պաշտոնապես հաստատվել է մի քանի օր առաջ աշխատանքից ազատված   «Բաքվի հեռախոսակապ» արտադրական միավորման ղեկավար Բեյթուլլա Հուսեյնովի ձերբակալության լուրը:  Հոկտեմբերի 26-ի երեկոյան ձերբակալվել է Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Վիդադի Զեյնալովը:  

Ինչպես հաղորդել է հետաքննության ընթացքին իրազեկ աղբյուրը, ԱԱՆ եւ Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություններում իրականացված ձերբակալությունները ուղղակիորեն կապված են հեռախոսազրույցների  գաղտնալսման հետ: Աղբյուրը տեղեկացնում է, որ «ԱԱՆ-ի գործով» երկու հետաքննություն է ընթանում: Գործարարների կաշառքներ պահանջելու անիրավաչափ գործողությունների հետաքննությունը Գլխավոր դատախազության վերահսկողության տակ է: Իսկ հեռախոսազրույցների գաղտնալսման հետաքննությունը վերահսկում է Պետական պահպանության հատուկ ծառայությունը:  

Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ բոլոր ձերբակալվածները հենց առաջին օրվանից պահվում են առանձնախցերում, նրանց թույլ են տվել միայն պետական դատապաշտպան ունենալ:  Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ԱՀ-ի ՔՕ-ի  308.2, 309.1 եւ 302.2 հոդվածներով: Ուշադրություն է գրավում հենց 308.2 հոդվածը, որը հիմնականում նախատեսված է ընտրություններին եւ հանրաքվեին անօրինական միջամտության համար: Դա նախատեսված է այն դեպքերի համար, երբ պաշտոնեական դիրքի չարաշահումը ծանր հետեւանքներ է ունեցել եւ պատիժ է նախատեսում ընտրությունների ընթացքին անօրինական միջամտության համար: Աղբյուրի խոսքով, այդ հոդվածով քրեական գործի հարուցումը նշանակում է, որ ինչ-որ գործընթաց է տեղի ունեցել ընտրությունների կամ էլ պատգամավորության թեկնածուների հեռախոսազրույցների գաղտնալսման հետ կապված: «Արդեն պարզվել է, որ ԱԱՆ-ից մի խումբ  երկար ժամանակ գաղտնալսել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովի հեռախոսազրույցները»,-տեղեկացրել է աղբյուրը: Աղբյուրն արժանահավատ է համարում այն վարկածը, թե Փանահովի հեռախոսազրույցների գաղտնալսումն իրականացվել է որոշ ընտրողների շանտաժելու կամ նրանցից փող կորզելու համար: Բացի այդ, կասկած կա, թե Փանահովի հեռախոսազրույցները գաղտնալսվել են  2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում:

Կարելի է սոսկ ենթադրել, որ ԱԱՆ-ի իրականացրած հեռախոսազրույցների գաղտնալսումը կապված է ընտրությունների հետ: Օրինակ՝ արեւմտյան հեռուստաալիքներով այդ բանակցությունների տարածումը կամ դրանք ընդդիմությանը փոխանցելը կարող էր լուրջ վնաս հացնել իշխանություններին: