Ադրբեջանի քաղբանտարկյալ իրավապաշտպան Լեյլա Յունուսը դատարանի դահլիճից դուրս գալիս իր ձեռնափայտով հարվածել է ուղեկցորդ պահակին:

Ինչպես գրում է Turan գործակալությունը՝ հենց դա է դարձել Վճռաբեկ դատարանում նրա գործով դատավարությունը հետաձգելու պատճառը: Այն պետք է կայանար հոկտեմբերի 15-ին: Հայտնում են, որ Լեյլա Յունուսին վերադարձրել են մեկուսարան, որտեղ նրանից վերցրել են ձեռնափայտը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8.5 տարվա, իսկ նրա ամուսնուն՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավումով:

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խաբեբայություն, որի հետեւանքով խոշոր չափի վնաս է հասցվել):

Իսկ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ՔՕ 178.3.2 ( խոշոր չափի խաբեբայություն) 192.2.2 ( ապօրինի ձեռներեցություն) , 213.2.2 ( հարկերի վճարումից խուսափել ), 310.1 ու 320.2 ( փաստաթղթերի կեղծում) հոդվածներով:

Դրանից բացի ամուսիններին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: