Լոռու մարզի Շնող գոյւղի բնակիչ, 89-ամյա Միշա պապը թերթում հայտարարություն տալուց մոտ մեկ ամիս անց դեռ չի գտել իր երկրորդ կեսին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միշա պապն ասաց, որ «խռովել» է բոլոր լրագրողներից, քանի որ ոչ մեկ «չբաշարեց իր համար հարմար կին գտնի»։
«Որ լավ աշխատեք էդ ուղղությամբ, մի լավ կին կգտնեք ինձ համար....մաղարիչ կանեմ, դուք մենակ կին գտեք ինձ համար»,– ասում է նա։
Միշա պապի խոսքով` զանգահարողները շատ են, բայց «մեջները նորմալ մարդ չկա». «Մեկը զանգել էր, խոսեցինք, ասեց` փեսուց ու թոռից պետք ա թույլտվություն ստանա, նոր իմ հետ կապ հաստատի....ու մինչև էսօր չի զանգել, երևի ընտանիքի անդամները չեն թողել»:
Միշա պապն այս հարցին զգույշ է մոտենում, իրենից շատ երիտասարդների հետ գործ չի ուզում ունենալ, չի հավատում նրանց անկեղծությանը, հնարավոր է` ուզում են ամուսնանալ, որովհետեւ գիտեն, որ «տուն–տեղ ունի», իր տարեկից, իր նման միայնակ ու կյանքի ընկեր փնտրող կնոջ է ուզում։
Միշա պապը հույսը չի կորցնում, որ 90-ամյակը կդիմավորի կնոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միշա պապը գրանցվել է Վանաձորում ու Երևանում գործող ամուսնական գործակալություններում, ծանոթությունների սոցիալական ցանցերում։ Առաջարկն ավելի գրավիչ դարձնելու համար նա նույնիսկ տեղական թերթերից մեկում նման բովանդակությամբ հայտարարություն է տվել. «Հարգելի կանայք, ձմեռը առջևում է, շտապեք»:



























