Այսօր՝ օգոստոսի 31-ին տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ֆ. Նանսենի 150-ամյակը լրանում է 2011թ-ին:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, հանձնաժողովի նիստում քննարկվել են տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպման, նրա մարդասիրական գործունեությունը Հայաստանում եւ Սփյուռքում պատշաճ  եւ լայնորեն ներկայացնելու հետ կապված հարցեր: Նշվել է, որ նորվեգացի գիտնականի անունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը, եւ հոբելյանական միջոցառումները հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների խորացման, հայ ժողովրդի երախտիքի արտահայտման եւս մեկ հնարավորություն են:

Քննարկվել է նաեւ Նանսենին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հայ ժողովրդի կյանքում էական դերակատարում ունեցած անձանց գործունեության համակարգված ներկայացման հնարավորությունը:

Հանձնաժողովը որոշել է առաջիկայում պետական եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր: Փոխվարչապետն առաջարկել է հնչեցված կարծիքներն ամփոփել, քննարկել եւ մեկ ամսվա ընթացքում ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ: