Ադրբեջանում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ լռության օր է։ Համաձայն ԿԸՀ տվյալների՝ 125 պատգամավորական մանդատի համար կպայքարի 769 թեկնածու։ Քվեարկությունն ընթանալու է հանրապետության տարածքի 125 շրջանների 5415 ընտրատեղամասերում։ Պատգամավորության թեկնածուներ են առաջադրել 15 կուսակցություն եւ քաղաքական կազմակերպությունների մեկ բլոկ։
Ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են ընդդիմադիր կուսակցություններից՝ «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատից», «Մուսավաթից», «Ումիդից» եւ «Ազադլըգ 2015» բլոկից։
Առաջիկա ընտրությունների համար հատկանշական է այն, որ պատգամավորները զրկվել են լրատվամիջոցներում անվճար քարոզարշավի հնարավորությունից։
Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ անվճար քարոզչությունը Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ պետական թերթերում թույլատրվում է միայն ավելի քան 60 ընտրաշրջաններում պատգամավորության թեկնածուներ գրանցած քաղաքական կուսակցությունների եւ բլոկների համար։ Իսկ այդպիսիք Ադրբեջանում չկան։ Բացառություն է կազմում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որն էլ հրաժարվել է այդ իրավունքից։
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու է 501 միջազգային դիտորդ՝ 27 երկրներից եւ 40 կազմակերպություններից։
Ամենամեծ առաքելությունը ԱՊՀ դիտորդական առաքելությունն է՝ 150 մարդ։ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բաղկացած է 30 ներկայացուցչից։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ իշխանությունների հետ դրանց քանակի շուրջ համաձայնության չգալու պատճառով։





























