Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում ընթանում են միապալատ խորհրդարանի` Միլի Մեջլիսի ընտրություններ:  

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին եւ կգործեն մինչեւ  19:00-ը: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, ընտրողների ցուցակներում ներառված է երկրի ընտրելու իրավունք ունեցող 5,1 միլիոն քաղաքացի: Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընտրությունների ճանաչման համար քվորում նախատեսված չէ, այսինքն մասնակցության ցանկացած տոկոսի դեպքում դրանք կայացած կհամարվեն:

125 պատգամավորական տեղին 769 թեկնածու է հավակնում: Քվեարկություն կանցկացվի Ադրբեջանի տարածքի 125 ընտրաշրջանի  5415 ընտրատեղամասում:  Ադրբեջանական օրենսդրության համաձայն, ի տարբերություն նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների պարագայում արտասահմանում տեղամասերի բացում նախատեսված չէ:   Պատգամավորության թեկնածուներ է առաջադրել 15 կուսակցություն եւ քաղաքական կուսակցությունների մեկ դաշինք: Հավակնորդների թվում նաեւ անկախ քաղաքական գործիչներ կան:  Ամենամեծ թվով թեկնածուներ առաջադրել է ընդդիմադիր  «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցությունը, «Մուսավաթը», «Ումիդը» եւ   «Ազադլիգ-2015» դաշինքը: Սակայն ընտրություններից երկու օր առաջ  «Մուսավաթ» կուսակցությունը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց: ԿԸՀ-ն մերժել է այդ որոշումը: «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» եւ  Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հենց սկզբից հայտարարել էին ընտրությունները բոյկոտելու մասին:

Ներկայիս ընտրությունները հատկանշական են նրանով, որ պատգամավորության թեկնածուները զրկված են եղել լրատվամիջոցներում անվճար քարոզչության հնարավորությունից:  Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն, Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ պետական թերթերում   անվճար քարոզչությունը թույլատրված է այն քաղաքական կուսակցություններին ու քաղաքական դաշինքներին, որոնք իրենց  թեկնածուներին գրանցել են  60-ից ավելի ընտրատեղամասերում: Նման իրավունք ստացել է միայն «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը սակայն հրաժարվել է օգտվել դրանից:  Իսկ ՀՀԸ-ն պատրաստակամություն է հայտնել քարոզչության համար վճարովի եթեր կազմակերպել աստղաբաշխական գումարի դիմաց.   1 րոպեն` 3540 մանաթ (մանաթի եւ դոլարի փոխարժեքները գրեթե հավասար են):

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին կհետեւի  501 միջազգային դիտորդ: Նրանք ներկայացնում են 27 երկիր եւ 40 կազմակերպություն: Ամենաներկայացուցչականը կլինի ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը   150 հոգի: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը կազմված է   30 աշխատակցից: Կամարտահայտությանը կհետեւի նաեւ ավելի քան 60 հազար տեղացի դիտորդ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մոնիտորինգ չի անցկացնի: Որոշումը կապված է նրա հետ, որ վերջինս մտադիր էչ ավելի մեծ թվով դիտորներ ուղարկել Ադրբեջան, քան դա ցանկանում էին իշխանությունները: