Մի քանի տասնյակ տարվա մոռացությունից հետո Հնդկաստանի հնագիտության եւ թանգարանների վարչությունը որոշել է վերանորոգել հայկական գերեզմանատունը, որը գտնվում է Հայդարաբադում` Հնդկաստանի հարավում գտնվող Տելանգանի նահանգային կենտրոնում, տեղեկացնում է  The Hindu-ն:

Գերեզմանատանը  19  հայ է թաղված, այդ թվում նաեւ` երկու հայ հոգեւորական, որոնք մահացել են 17-րդ եւ 18-րդ դարերում եւ մեկ հոլանդացի:  

Հայերն առաջին անգամ Հնդկաստան են եկել 16-17 դարերում. նրանք հիմնականում առեւտրականներ էին, որոնք Պարսկաստանով ուղեւորվում էին Աֆղանստան եւ Տիբեթ: «17-րդ դարում շատ հայեր են հաստատվել Հայդարաբադում: Չնայած գրավոր վկայություններ չկան նրանց գործունեության, ավանդույթների եւ սոցիալական վիճակի վերաբերյալ, նրանց ներկայության մասին են վկայում գերեզմանաքարերի գրությունները»,- ասում է վարչության նախկին աշխատակիցը:

Գերեզմանատան մասին հայտնի է դարձել 1970-ին պատմաբան Մուհամադ Զիաուդդին Շեքեբի շնորհիվ:  Գիտնականի ձեռքը 1907-ով թվագրված մի նամակ էր ընկել,  որում խոսվում էր հայկական գերեզմանատան մասին: 

Տեղի իշխանություններն արդեն մաքրել են տարածքը եւ նորոգում են պատը: Սակայն բարդ առաջադրանք է հայկական գերեզմանաքարերի գրությունների վերանորոգումը: Ինչպես նշված է հոդվածում, կառավարությունը գուցե Հայաստանի իշխանություններին դիմի` պարզելու, թե ով է թաղված գերեզմանատանը: