Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններմ որոնք   1991-ին երկրի անկախացումից ի վեր առաջին անգամ կանտեսվեն եվրոպացի դիտորդների կողմից: Նավթի ընկնող գները տնտեսական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որը նախկին ԽՍՀՄ տարածքում իր մեծությամբ երրորդ նավթ արտահանողն է: 

Հոդվածում նշվում է, որ նախագահ Ալիեւի կուսակցությունն ամենայն հավանականությամբ  կպահպանի խորհրդարանում մեծամասնությունը, որովհետեւ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են ընտրությունները քաղաքացիական հասարակության ակտիվիստների վրա հարձակումների հետեւանքով:

Economist Intelligence Unit (EIU)-ի վերլուծաբան Ալեքս Նայսի կարծիքով, նավթի ցածր գները նշանակում են, որ Ադրբեջանը կբախվի «անորոշ տնտեսական հեռանկարների, որոնք կարող են անկանխատեսելի քաղաքական եւ սոցիալական հետեւանքներ ունենալ»: Գործակալությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի կառավարությունը տնտեսական անկման հետեւանքով ստիպված է եղել 2016-ի համար նախատեսված ծախսերը կրճատել աննախադեպ` 10%-ով:

Բացի այդ, ընտրությունները տեղի են ունենում ազգային անվտանգության նախարարության պաշտոնյաների ձերբակալությունների ֆոնին, որոնք մեղադրվում են կոռուպցիայի համար: Հոդվածում ընդգծվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը այս տարվա փետրվարին մանաթի փոխարժեքը նվազեցրել է գրեթե   35%-ով, իսկ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները վատանում են մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով,  չհաշված` ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճը: 

«Ալիեւը նշանակալի մարտահրավերների է բախվել: Մրցակցային կուսակցական քաղաքականությունը եւ անկախ քաղաքացիական հասարակությունը ապահաստատութենականացվել են, իսկ պետության եւ հասարակության միջեւ արդյունավետ բանակցությունների հիմքը զգալիորեն նեղացել է»,- համարում է    Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը:

Նայսը համարում է, որ եթե նավթի գները մնան ցածր մակարդակում,  կենտրոնական բանկը ամենայն հավանականությամբ ստիպված կլինի 2016-ին դարձյալ իջեցնել մանաթի փոխարժեքը, ինչը կհանգեցնի ինֆլյացիայի եւ եկամուտների նվազման եւ կմեծացնի ճնշումը բանկային ոլորտի վրա: 

Հոդվածում ընդգծված է, որ Ղարաբաղում զոհերի թիվը հասել է 1994-ին զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո առավելագույնի, իսկ հայ եւ  ադրբեջանցի զինվորականները գնալով ավելի ու ավելի լուրջ սպառազինություն են օգտագործում: «Քաղաքական անորոշությունը զգալիորեն ավելացել է եւ հավանաբար կպահպանվի, եթե նավթի գները չվերականգնվեն»,- նշել է Նայսը:

Հնդկական քաղաքում վերանորոգում են հին հայկական գերեզմանատունը