Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Այդ տվյալների համաձայն՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 125 պատգամավորներից ձեւավորվող խորհրդարանում ստանում է 71 մանդատ։ Այս մասին  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, խորհրդարան են անցել եւս 11 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Այսպես՝ իրենց տեղերը պահպանել են «Հայրենիք», «Սոցիալական բարօրություն», «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ», «Մեծ ստեղծագործության», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Քաղաքացիական միասնություն», «Ազգային վերածնության շարժում», կուսակցությունների ներկայացուցիչները։ «Քաղաքացիական համերաշխություն»  կուսակցությունը կորցրել է մեկ պատգամավորական մանդատ եւ խորհրդարանում կունենա 2 ներկայացուցիչ։ Առաջին անգամ ընտրվել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Վահդաթ» եւ «Ժողովրդավարական լուսավորում» կուսակցությունների ներկայացուցիչները։

Մնացած տեղերը զբաղեցրել են անկուսակցական պատգամավորները։

Ընդհանուր առմամբ խորհրդարանը մոտ մեկ քառորդով թարմացել է։