Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համարել է «Ադրբեջանի պատմության մեջ ամենաամոթալին»։
Ինչպես հաղորդում է contact.az-ը, ընտրությունների կապակցությամբ տարածված հայտարարության մեջ ասված է, որ «դեռեւս ընտրություններից առաջ հայտնի էր, որ դրանք ազատ եւ արդար չեն լինի։ Ազգային խորհուրդը զգուշացնում էր դրա մասին։ Բռնաճնշումների մթնոլորտը շարունակվեց նաեւ նախընտրական արշավի ընթացքում։ Ընտրական հանձնաժողովները մնացին իշխանությունների վերահսկողության տակ»։
Հետագայում նշվում է, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով իր թեկնածությունը հանել է 500 թեկնածու։ ԺՈՒԱԽ-ի տվյալներով, ընտրությունների օրը ընտրողների մասնակցությունն իրականում չի գերազանցել 10 տոկոսը։ «Նախապես ձեւավորված «կարուսելների» միջոցով կառավարությունն արհեստականորեն մեծացրել է մասնակիցների թիվը։ Կասկած չի հարուցում, որ նախապես կազմված ցուցակում ընդգրկվածները պատգամավոր կհռչակվեն։ Սակայն ժողովրդի եւ միջազգային հանրության աչքում դրանք ոչ թե ընտրված, այլ նշանակված պատգամավորներ են», - ասված է հայտարարության մեջ։ Հետագայում ԺՈՒԱԽ-ը հայտարարում է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, ամբողջությամբ կեղծված են եւ լեգիտիմ չեն։
«Քաղաքական իշխանությունը վարչական-բռնի ուժով խլել է օրենսդրական մարմինը եւ այն ձեւավորում է ժողովրդի վստահությունը չվայելող մարդկանցով։ Ազգային ժողովը նշել է, որ դա իշխանության բացահայտ բռնազավթում է։ Ադրբեջանում ավելի քան 20 տարի իշխող Ալիեւյան վարչակազմը հերթական անգամ հրաժարվել է իշխանությունը փոխանցել ժողովրդին», - ասված է հայտարարությունում։





























