Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում Հանրապետությունում կձեւավորվի կուսակցապետություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որն ասուլիսին ուշացած էր ներկայացել:
«Հայաստանը գտնվում է տնտեսական, սոցիալական, նույնիսկ ռազմական լուրջ խնդիրների առջեւ։ Եթե մենք փոփոխություններից հետո ունենայինք երկպալատ խորհրդարան, կասեի՝ շատ լավ։ Սակայն մենք ունենում ենք երկիր, որը միապալատ խորհրդարան ունի, ինչն էլ հաճախ բերում է բռնապետության, նույնիսկ ֆաշիզմի»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ ինքը բազմիցս է այդ մասին խոսել։
Նրա խոսքով՝ եթե Հանրապետությունում որեւէ վատ բան լինի, չի լինի մեկը, որը պատասխանատու կլինի այս ամենի համար։
«Ես Սահմանադրական փոփոխությունների մասին զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, իմ մտահոգությունները հայտնել եմ։ Հանդիպել եմ նաեւ սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ, տարբեր հարցերում կոմպրոմիսի ենք եկել։ Սակայն այս պայմաններում, երբ սահմանին լարված է, ինչո՞ւ են փոխում։ Համոզված եմ՝ ոչ մի լավ բան չի բերելու։ Հնարավոր է՝ Ղարաբաղի հետ կապված է այս փոփոխությունը»,- ասաց նա։
Հրանտ Բագրատյանը հայտնեց նաեւ, որ ինքը նամակագրական կապի մեջ է եղել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, եւ արդյունքները պարբերաբար հրապարակելու է. «Հանձնաժողովն ինչ վատ բան տեսնում է, ասում է՝ բավարարենք։ Ինձ մոտ դա լուրջ կասկածներ է առաջացնում»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։





























