ՌԴ Արխանգելսկի եւ Յարոսլավի մարզերը հետաքրքրված են միջտարածաշրջանային մակարդակով՝ ՀՀ մարզերի հետ գործակցության զարգացմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին,  Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը եւ Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալված միջտարածաշրջանային համագործակցությունը, կարեւորել դրա  ակտիվացումն ու խորացումը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել եւ նպաստել ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային կապերի զարգացմանը:

ՌԴ Արխանգելսկի եւ Յարոսլավի նահանգապետերը նշել են, որ հետաքրքրված են միջտարածաշրջանային մակարդակով՝ ՀՀ մարզերի հետ գործակցության զարգացմամբ եւ իրենց հերթին պատրաստակամություն հայտնել՝ մասնակցել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի նախաձեռնմանը եւ իրականացմանը: Նահանգապետերը բարձր են գնահատել հայկական սփյուռքի դերը հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդման գործում:   

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ մարզերի եւ ՌԴ նահանգների միջեւ առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային կապերի աշխուժացմանը եւ սերտացմանը, սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: