Ոստիկանության Կենտրոնի բաժնում այսօր՝ նոյեմբերի 3-ին, առերեսում կլինի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ սեպտեմբերի 21-ին Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջեւ։  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազատամարտիկների դաշինքից, որի անդամ է Սմբատ Հակոբյանը։

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկն ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրանի, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Ռուբեն Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էր խաբեբա:

Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: