Մասնագետներին հաջողվել է պարզել Եգիպտոսում կործանված Airbus 321 օդանավի ուղեւորների մեծ մասի մահվան ժամանակը։ Քննչական մարմիններում Lifenews-ի ունեցած աղբյուրների համաձայն՝ օդանավի բոլոր ուղեւորները զոհվել են գրեթե նույն ժամանակ. նրանց մահը վրա է հասել 5-7 րոպե տարբերությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ եզրակացությունները վկայում են այն մասին, որ օդանավում արագ տեմպերով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Airbus 321-ի զոհերի ինքնությունը կպարզեն թարթիչների եւ մազերի միջոցով։ Աղբյուրների փոխանցմամբ դեպքի վայրում հայտնաբերել են 200 կենսաբանական մաս, որոնցից հնարավոր է եղել «հավաքել» 146 մարմին։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։