Բուհերում կոռուպցիոն երեւույթները հնարավոր չէ միանգամից վերացնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ հանդիպման ժամանակ նշել է

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարեւորել է կրթության եւ գիտության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով համատեղ իրականացվող մի շարք նախագծերի, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրին:

Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհերում կոռուպցիոն երեւույթները հնարավոր չէ միանգամից վերացնել, սական Եվրոպայի խորհրդի հետ հաջող համագործակցության արդյունքում արդեն տեսանելի են շոշափելի արդյունքներ: Նախարարը կարեւորել է վերոնշյալ կառույցի հետ համատեղ իրականացվող հումանիտար ուղղվածությամբ նախագծերը, մասնավորապես, ՀՀ հանրակրթական դպրոցներում Հոլոքոստի մասին բաց դասեր վարելու վերաբերյալ:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ ՀՀ երեք բուհերում լրագրողական կրթության բարելավման, ուսումնական ծրագրերի բովանդակության վերանայման անհրաժեշտությանը` այս խնդրում հատկապես կարեւորելով մեր երկրում խոսքի եւ մամուլի ազատության հարցը: Խնդրի լուծման հարցում նախարարն ակնակալել է ԵԽ-ի աջակցությունը:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանն արդյունավետ համագործակցության համար` անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների ծրագրին: Նա կարեւորել է, որ բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման նախաձեռնողը եղել է ԿԳ նախարարությունը` տեղեկացնելով, որ ծրագրի արդյունքների ներկայացման համար մոտ ապագայում բուհերի ներկայացուցիչների եւ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի համապատասխան սեմինար: