Ադրբեջանում սկսվում է մեկուկես տարի առաջ ձերբակալված քաղաքական մեկնաբան, վաստակավոր լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դատավարությունը: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կանցնի նախապատրաստական նիստը: Այս մասին հայտնում է Minval.az–ը:
Նա մեղադրվում է ԱՀ ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն) : Ռաուֆ Միրքադիրովը հերքում է բոլոր մեղադրանքներն ու համարում, որ իր ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով ու լրագրողական գործունեությամբ: Լրագրողին մեղադրել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:
Ռ. Միրքադիրովին ձերբակալել են 2014 թ. ապրիլին: Այս ամբողջ ժամանակահատվածում նրան միայն մեկ անգամ են հարցաքննել որպես ականատես՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի աշխատակիցներ Լեյլա ու Արիֆ Յունուսների գործով դատավարության ժամանակ: Նիստին մասնակցած իրավապաշտպան Միրվարի Ղահրամանլին հայտնել էր, որ Ռաուֆ Միրքադիրովը շատ թույլ ու նիհարած տեսք ուներ:
Լրագրողի գործով հետաքննությունն իրականացնում էր Ազգային անվտանգության նախարարությունը: Հիշեցնենք, որ ԱԱՆ գործունեության առնչությամբ սկանդալ էր բռնկվել, որի հետեւանքով նախկին նախարարը զրկվել էր իր պաշտոնից:





























