Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ներկայիս կառավարության կողմից հայտարարված քրդական հարցի կարգավորման նախախաձեռնությունը որակել է որպես Իսրայելի խաղ եւ պնդել, որ դրա նպատակն է Թուրքիան դարձնել Իսրայելի նահանգներից մեկը։
Թուրքական «Radikal» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բալըքեսիրի նահանգում իր ամառային հանգիստը անցկացնող նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ուրբաթօրյա աղոթքին մասնակցելուց հետո, մզկիթից դուրս գալով լրագրողների մոտ ելույթ է ունեցել։ Նա խիստ քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որի առաջնորդներն են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը։ Էրբաքանը նրանց մեղադրել է պետական կառավարման փորձ չունենալու մեջ եւ անվանել «երեխայի խելք ունեցողներ»։ Նա զգուշացրել է թուրք ազգին չմտնել օտար ուժերի խաղերի մեջ եւ զգոն լինել, ինչպես նաեւ՝ ղեկավարությանը կոչ արել չդառնալ գործիք օտարների ձեռքում։ Նեջմեթին Էրբաքանը առաջ է քաշել այն միտքը, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հայտարարելով քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, խաղում է Իսրայելի խաղը, որը ցանկանում է Թուրքիան դարձնել Իսրայելի նահանգներից մեկը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Նեջմեթին Էրբաքանը 1995 թվականի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է կազմել եւ 1996 թվականից ղեկավարել ձեւավորված կոալիցիան։ Սակայն նրա բացահայտ ծայրահեղ իսլամիստական հայացքները ստիպեցին, որ 1997 թվականին զինվորականությունը նրան հեռացնի պաշտոնից, իսկ Թուրքիայի սահմանադրական դատարանը 1998 թվականին լուծարի նրա «Բարօրություն» (Refah) կուսակցությունը եւ արգելի Էրբաքանին զբաղվել քաղաքականությամբ։ Նրա կուսակցության անդամներից են եղել ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, որոնք, դուրս գալով նրա կուսակցությունից ,2001 թվականին ստեղծեցին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։




























