Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը, «Քաղաքացիները» եւ Ժողովրդական կուսակցությունը Իսպանիայի Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել այն մասին, որ «Կատալոնիայի անկախության գործընթացի մեկնարկի մասին» որոշումը չի համապատասխանում հիմնական օրենքին։ Խորհրդարանում նման որոշում են պատրաստվում ընդունել անջատողական ուժերը։ ՍԴ-ն հինգշաբթի օրը կորոշի՝ այդ հայցերը քննարկման ընդունել, թե ոչ։
Իսպանիայի տարածքային ամբողջականությանը աջակցող կուսակցությունները, որոնք կատալոնական խորհրդարանում 40 տոկոս ձայներ ունեն, համարում են, որ այդ որոշումը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը երկրի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի մասով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Անցած շաբաթ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման գաղափարին աջակցող կուսակցությունները, որոնք սեպտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքում ինքնավար միության խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել՝ Junts pel Si դաշինքը եւ «Ժողովրդավարական միասնության թեկնածությունը» (CUP), խորհրդարանում որոշման նախագիծ են գրանցել, որում ասվում է «հանրապետական կառավարմամբ կատալոնական անկախ պետություն ստեղծելու մեկնարկի մասին»։ Որոշումը քվեարկության կդրվի նոյեմբերի 9-ին։
Քանի որ Junts pel Si-ն եւ CUP-ը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն, որոշումը կընդունվի։





























