Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 4-ին, տեղահան են արել երկաթյա դուռը եւ մուտք գործել իրենց բնակարաններ։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2006-2008թթ կնքել են նոտարով հաստատված նախնական պայմանագիր, որով վերջինը պարտավորվել է մինչեւ 2009թ. հանձնել բնակարանները։

Շենքի կառուցումն սկսվել է պայմանագրով նախատեսված առաջին  փուլի վճարումից հետո։ Որոշակի շինարարական աշխատանքից հետո բնակիչները կատարել են երկրորդ վճարումը, իսկ երրորդ վճարումը պետք է կատարեին բնակարանների սեփականության իրավունքները հանձնելիս, ոմանք նույնիսկ ամբողջությամբ են վճարել իրենց ապագա բնակարանների համար։  

Գագիկ Պապոյանի նկատմամբ մեկ այլ`  Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների բազմակի վաճառքի համար մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Բնակիչներ խոսքով՝ դրանից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով անհատ ձեռներեց, որը հայտարարել է, թե ինքն է շենքի սեփականատերը՝  հողատարածքը, որտեղ կառուցվել է շենքը, իրեն է պատկանում։

Անդրանիկ Խալոյանը հայտարարում է, թե բնակարանները կհանձնվեն այն ժամանակ, երբ բնակիչները կնքված պայմանագրով նախատեսված 700-800 ԱՄՆ դոլարի փոխարեն կվճարեն 1080 դոլար եւ երկաթյա դուռ է դրել շենքի մուտքին, որպեսզի բնակիչները չկարողանան մուտք գործել շենք։

«Մի քանի անգամ կոտրել, մտել ենք։ Ոստիկաններ է կանգնեցրել շենքի դիմաց, ասում է՝ հողի տերն եմ, կառույցն իմն է։ Իսկ ոստիկաններն ասում են, որ մենք խախտել ենք ուրիշի սեփականության իրավունքը։ Այս շենքը մեր փողերով է կառուցվել, էդ ո՞նց եղավ, որ ինքն է սեփականատերը։ Ասում է՝ նախորդ կառուցապատողն իրեն խաբել է, ինքն է տերը»,-  NEWS.am–ին պատմեց բնակարանատերերից Ռոբերտ Կարապետյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը 2012թ. Անդրանիկ Խալոյանին վաճառել է հողատարածքը, երբ շենքը գրեթե պատրաստ է եղել։

Բնակիչներն այժմ անելանելի վիճակում են. չգիտեն՝ ում կողմից են խաբված։ Իսկ Անդրանիկ Խալոյանը ասում է, եթե քաղաքացիները չլքեն շինության տարածքը, լուրջ քայլերի կդիմի։

«Ասել ա՝ վաղը ձեզ դուրս եմ շպրտելու։ Բայց մենք մեր բնակարաններն ենք ուզում, մեկը վարձով է ապրում, մեկը խաթրով, մյուսը մուննաթով։ Էս տարիների ընթացքում մարդիկ են մահացել այս բնակարանների պատճառով»,-ասացին բնակիչները։

Բնակիչների խոսքով` շենքի հասցեն  3 անգամ փոխվել է։ Նորակառույց շենքը նախ եղել է Եկմալյան 5, ապա Սարյան 19/26, իսկ այժմ Պուշկին 51/1 հասցեում է։

«Սա միտում ունի։ Ուզում է այնպես կազմակերպել, որ ինքն է շենքի սեփականատերը, կամ թաքցնել, որ ապօրինի ճանապարհով է հողատարածքը ձեռք բերել»,-նշեց բնակիչներից մեկը։

Պուշկինի 51/1 հասցեի ապագա բնակիչները պնդում են, որ 46 ընտանիք է դրսում մնացել, մինչդեռ նույն շենքի երկրորդ մուտքի բնակարանները առանց սեփականության իրավունքի արդեն բնակեցված են, ինչը նշանակում է, որ հնարավոր է` Գագիկ Պապոյանը վերավաճառել է նաեւ իրենց բնակարանները։

Բնակիչները դատարան դիմել չեն ցանկանում,  արդարադատությանը չեն հավատում, ասում են՝ Անդրանիկ Խալոյանն ամենակարող է, դեռ մի բան էլ դատարանը կապացուցի, որ իրենք են խախտել ուրիշի սեփականության իրավունքը։