Ամերիկացի գիտնականները կարծում են, որ կլիման եւ շրջակա միջավայրը աշխարհի բոլոր լեզուների տարբերությունը պայմանավորող հիմնական գործոններն են։ Այս մասին նրանք զեկույց են կարդացել Ամերիկայի ակուստիկ ընկերության 170-րդ համագումարի ժամանակ(Acoustical Society of America - ASA)։

Օրինակ՝ խիտ մերձարեւադարձային անտառներով հագեցած տարածաշրջաններում ապրող մարդկանց մոտ լեզվում գերակշռում են ցածր հաճախականության հնչյուններն ու ձայնավորները, որովհետեւ այդպես նրանք միմյանց ավելի լավ են լսում։ Բաց տարածքներում ապրող մարդկանց մոտ, ընդհակառակը, գերակշռում են բաղաձայններն ու հնչեղ հնչյունները։

Գիտնականներն այդ եզրակացության են եկել աշխարհի 633 լեզու ուսումնասիրելու արդյունքում։ Իրենց օրինաչափությունը հետազոտողներն անվանել են «ակուստիկ ադապտացման տեսություն»։ Լանդշաֆտից բացի, գիտնականները լեզվի հնչյունները ձեւավորող գործոն են համարում տարեկան տեղումների քանակը, ջերմաստիճանը, որոնք նույնպես կարող են ազդել օդում ձայնային ալիքների տարածման վրա, փոխանցում է Lenta.ru-ն։