Իրաքում ԱՄՆ բանակի մարտական գործությունների ավարտը կարող է հանգեցնել  մի շարք անկանխատեսելի զարգացումների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի դասախոս, իրաքահայ Երվանդ Մինասյանը: Նա նշեց, որ Իրաքում իրարամերժ տեսակետներ կան ամերիկյան զորքերի դուրս բերման վերաբերյալ. մի մասը կարծում է, որ զորքերի դուրսբերումն ընդամենը ձեւական բնույթ ունի եւ ԱՄՆ-ը շարունակելու է իրավիճակն իր վերահսկողության տակ պահել: Մյուս մասն էլ կարծում է, որ զորքերի դուրսբերումից հետո, Իրաքի իրավապահ մարմիններն ի վիճակի չեն լինի ապահովել ժողովրդի անվտանգությունը եւ կզգացվի ամերիկյան ուժերի կարիքը:

Միասյանը միաժամանակ նշեց, որ ամերիկյան զինուժը հարկադրված է դուրս եկել Իրաքից, ուր մտել էր ժողովրդավարություն հաստատելու պատրվակով, սակայն այդպես էլ չկարողացավ իրականացնել դա: «Պետք է հիշել ամերիկյան ուժերի հրամանատարի հայտարարությունն այն մասին, որ իրաքյան փորձն ԱՄՆ-ի համար մեծ դաս էր: Իսկապես, ամերիկյան կողմը մեծաթիվ զոհեր տվեց, սակայն այդպես էլ չկարողացավ ժողովրդավարություն հաստատել: Ընդամենը Սադամ Հուսեյնին հեռացրին, ինչից հետո երկրի ներքին վիճակն ավելի վատթարացավ»,-նշեց Մինասյանը: Նա նկատեց, որ Իրաքում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններից վեց ամիս է անցել, սակայն մինչեւ այժմ այդ երկրում կառավարություն չի ձեւավորել: Բացի այդ, վաղուց արդեն լրացել են նաեւ վարչապետի եւ նախագահի պաշտոնավարման ժամկետները, սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել:

«Անիշխանական վիճակ է Իրաքում»,-նկատեց ԵՊՀ դասախոսը: Ըստ Մինասյանի՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո գուցե կոալիցիոն կառավարություն ձեւավորվի, սակայն այն ժամանակավոր բնույթ է կրելու, փլուզվելու է եւ կրկին նոր ընտրությունների անցկացման կարիք է զգացվելու:

ԵՊՀ դասախոսի խոսքով՝ ամերիկյան զորքերի առկայությունը Իրաքում ինչ-որ տեղ զսպող նշանակություն կունենար տեղի որոշ ուժերի համար եւ նրանց հեռու կպահեր ընդվզումներից եւ այլ համարձակ քայլերից: «Թեեւ իրաքյան բանակը այնքան էլ քաղաքականացված չէ, սակայն դա երկար չի կարող տեւել: Չի բացառվում, որ անիշխանության իրավիճակը ստիպի բանակի ղեկավարությանը միջամտել քաղաքական կյանքին եւ ռազմական հեղաշրջում իրականացնել»,-հայտարարեց Մինասյանը: Նա միաժամանակ հավելեց, որ թեեւ Իրաքում դեռեւս 50 հազար զինվորական կա, որոնց թույլատրված չէ մարտական գործողություներ իրականացնել, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ տիրող իրավիճակը կստիպի ամերկյան զինուժին միջամտել երկրի ներքին կյանքին:   

Հիշեցենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ բանակի մարտական գործողության ավարտի մասին: Սեպտեմբերի 1-ից Իրաքում, որտեղ ամերիկացիները մնացին 7 տարուց ավելի, մնալու է մոտ 50 հազար զինծառայող: Նրանք շարունակելու են իրաքյան անվտանգության ուժերի ուսուցումը եւ ռազմական գործողությունների ժամանակ աջակցություն են ցուցաբերելու նրանց: