Ճարպակալության խնդիրների վերաբերյալ տվյալների վերջին վերլուծությունը անակնկալներ չի բերել։ Ինչպես նախկինում, այժմ էլ ԱՄՆ-ի բնակչության երկու երրորդը տառապում է քաշի ավելցուկից կամ ճարպակալումից։ WalletHub կայքը վերջին հետազոտության տվյալներով դարձյալ Միսիսիպին է հայտարարել  Ամերիկայի ամենագեր նահանգ։ Այստեղ  բնակիչների  51,73 տոկոսը քաշի հետ կապված խնդիրներ ունի։ 

Արդեն տասներորդ անգամ անընդմեջ Միսիսիպին այդ առումով ամենախնդրահարույց շրջան է ճանաչվում։ Երկրորդ տեղում Լուիզիանան է, դրան հետեւում են Արեւմտյան Վիրջինիան, Թենեսին եւ Հարավային Կարոլինան։  Ամենանիհար նահանգը Հավայան կղզիներն են, որտեղ բնակչության ավելորդ քաշի ցուցանիշը  35,8 է, տեղեկացնում է Americaru-ն։

Նույն վերլուծությունն ի հայտ է բերել, որ ներկայումս 83 միլիոն ամերիկացի ֆիզիկապես ոչ ակտիվ եւ նստակյաց կյանք է վարում։ Այդ թվին են պատկանում ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաներ. Ամերիկայի բնակչության մեջ շատ են ճարպակալության խնդիրներ ունեցող երեխաները։